Մեր զրուցակիցն է «ԱԲԵՔ» ընկերության տնօրեն ՎՐԵԺ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ում հանդիպեցինք «Արմենիա էքսպո-Երևան» ցուցահանդեսի «ԱԲԵՔ»-ի տաղավարում։
«ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՆ» ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ Է»
-Պարոն Աբրահամյան, Դուք ծանոթ եք մեր ընթերցողին «Նոյան տապան քաղաքը Հայաստանում» ծրագրով, որը 2014-ին ներկայացվեց Նոբելյան մրցանակի խաղաղության անվանակարգում։ Նախաձեռնողն էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Ցավոք, Ձեր նախաձեռնությունը բաժանեց իր շատ «հայ բախտակիցների» ճակատագիրը, այսինքն՝ մերժվեց։ Ինչ կարող ես անել. Նոբելյան մրցանակի ճակատագիրը որոշող էմիսարները զարմանալիորեն շրջանցում են հայերիս։
-«Նոբելյան մրցանակն» իր ծննդյան օրից քաղաքականացված է, երբեմն խաղաղության մրցանակ են հանձնում, մեղմ ասած, ոչ այնքան խաղաղասեր մարդուն։ Սակայն դա հարցի մի կողմն է, ընդ որում՝ ոչ էական կողմը, 2015-ին ևս պարոն Սաֆրաստյանը «Նոյան տապան քաղաքը Հայաստանում» ծրագիրը պիտի ներկայացնի Նոբելյան մրցանակաբաշխության։ 2015-ին մենք աշխարհին մեր բուն էությունը նաև այսպես պիտի ցույց տանք, խաղաղության և հումանիզմի քաղաք կառուցելով այնտեղ, ուր Նոյն է իջևանել։
-Մաղթենք Ձեզ և Ձեր գործին հաջողություն։ Այժմ անդրադառնանք Հայաստանում արևային էներգիայի նպատակային օգտագործմանը, որի ջատագովներից մեկը դարձյալ Դուք եք։
-Մենք պիտի այսպես դատենք. արևը կյանք է պարգևել և դեռ պիտի պարգևի, մեր ապագան կախված է արևից, ինչու խելամտորեն չօգտվենք նրա կենարար լույսից և ջերմությունից։ Արևի էներգիան այսօր օգտագործվում է, սակայն շատ սահմանափակ։ «Սոլար» համակարգն այսօր խնդրի հետաքրքիր լուծումներ է առաջարկում, արևի ջերմությամբ ջուրը տաքացվում է, օգտագործվում զանազան կենցաղային կարիքների համար։
-Եվրոպան ի՞նչ վերաբերմունք ունի արևի էներգիայի նկատմամբ։
-Իհարկե դրական, սակայն Եվրոպան արևից «մի քիչ խեղճ է», այլ է Հայաստանում, ուր արևը լիառատ է։ Եթե, օրինակ, Եվրոպայում մեկ մեգավատտ հզորությամբ «Սոլար ֆոտովոլտայք» կարգի գեներատոր տեղադրենք, կստանանք 1 միավոր էներգիա, եթե միևնույնը կիրառենք Հայաստանում, ապա մեկ մեգավատտի դիմաց կստանանք արդեն 1,72 մեգավատտ էներգիա, գրեթե երկու անգամ ավելի հոսանք կստանանք, ահա թե ինչպիսին է մեր արևի կենարար ուժը։
-Ավելի նպատակային չէ՞ Ձեր նշած համակարգի ոչ մեծ նմուշները ներդնել մեզ մոտ։
-Անշուշտ, սակայն ամենապարզ «Սոլար» համակարգերը, որոնք արևի էներգիայով ջուր են տաքացնում, Հայաստանում սակավ են օգտագործում։ Իսկ «ֆոտովոլթայք» համակարգը հոսանք է ստեղծում, այս համակարգը թույլ է տալիս արևից վերցնել էներգիան, այն օգտագործել կենցաղում ամենատարբեր նպատակներով։
-Ինչո՞ւ ենք այս հարցում էլ հապաղում։ Չէ՞ որ վերջին ցուցահանդեսում բավականին հետաքրքիր և մատչելի սարքեր էիք ներկայացրել։
-Այո՛, դրանք օգտագործման համար նպատակային են շատ վայրերում։ Դիցուք, գետի բարձրադիր ափին մարդուն ջուր է անհրաժեշտ, իսկ շրջակայքում չկա էլեկտրաէներգիայի աղբյուր։ Նա կարող է ֆոտովոլթայքի վահանակները տեղադրել և մի ոչ մեծ պոմպ ու տասը, քսան մինչև անգամ 80 մետր ներքևից ջուրը բարձրացնել վեր։ 80 լիտր ջուրը՝ 1 վայրկյանում։ Առայժմ դրանք մեր տնտեսության մեջ լայն կիրառություն չունեն, քանի որ մի փոքր թանկ են շարքային սպառողների համար։
«ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՐԵՑ ԾԱԽՍԵՐԻ ԿԵՍԸ»
-Հրապուրիչ պատկեր եք ներկայացնում, քանզի լեռնային վայրերում երբեմն հողի մշակի աչքը մնում է մի քանի մետր հեռու հոսող գետի անտարբեր ջրերին։
-Ահա անասնապահը դաշտում է և նախիրը կամ հոտը անկարող է ջրելու, պայմաններ չկան։ Նա կարող է մեկ «Սոլար» համակարգ տեղադրել և ապահով ջուր հասցնել կենդանիներին։
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ այս համակարգերը մեզ մոտ ոչ մասնավորի, ոչ էլ պետության կողմից ավելի լայնորեն չեն կիրառվում։ Առավել ևս, երբ մեր էլեկտրաէներգիան թանկանում է բավականին հուսալիորեն։ Չէ՞ որ սա ուղղակի փրկօղակ է մեր գյուղաբնակների և գյուղատնտեսության նախարարության համար։
-Նախ նրանք բավարար չափով տեղեկացված չեն։ Միաժամանակ առաջարկվող համակարգերը տակավին չեն արդարացնում կատարված ներդրումները, դրա համար էլ լայնորեն չեն կիրառվում։ Այս պայմաններում կառավարությունը պիտի մասնակից լինի ծրագրին։ Հիշեցնեմ, որ, օրինակ, Գերմանիայում տարիներ առաջ կանաչների կուսակցությունը, որը դեմ էր ատոմային էներգիայի օգտագործմանը, այլընտրանքային «Սոլար» համակարգերն առաջարկեց կիրառման համար, որոնք այն տարիներին շատ թանկ էին։ Կառավարությունը ծախսերի կեսից ավելին իր վրա վերցրեց, և ծրագիրն աստիճանաբար կյանքի կոչվեց։
«ՎԱՌԵԼԱՓԱՅՏԸ ԿԽՆԱՅԵՆՔ, ԿԽՆԱՅԵՆՔ ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐԸ»
-Ո՞վ կարող է այս համակարգը ներդնել իր տնտեսության մեջ։
-Թեկուզ մի աշխատասեր գյուղական ընտանիք, 5-6 հարյուր ԱՄՆ դոլար ներդրում կատարելով։ Ի դեպ, «Սոլար» համակարգը կգործի քսան, երեսուն տարի, գուցե և ավելի երկար։ Բավականաչափ հոսանք կխնայվի, պատկերացրեք, որ կենցաղում այն ամենը, ինչը կախված էր էլեկտրաէներգիայից, այսուհետև կաշխատի արևային էներգիայով։ Բացի սրանից, չէ՞ որ բավականաչափ վառելափայտ կխնայենք, կխնայենք մեր անտառները։
-Ցուցահանդեսում նաև հողմային գեներատորներ, այլ կերպ ասած՝ հողմաղացներ էին ներկայացված։
-Դրանք ավելի էժան սարքեր են, ցավոք մշտական քամիները Հայաստանում ամենուր չեն։ Սակայն ուր քամի կա, հողմաղացներն ուղղակի անգնահատելի են, չէ՞ որ դրանք գործում և անխաթար էներգիա են արտադրում զօր ու գիշեր, ամառ թե ձմեռ։
-Հայաստանի ո՞ր վայրերն են առավել քամոտ և հարմար այս հողմաղացների համար։
-Կարախաչի և Բազումի լեռնանցքները, Սևանա լճի հյուսիսային մասը, Գեղամա լեռների հատվածը, Արագած լեռը, Սիսիանը և այլն։ Ցավոք, Արարատյան դաշտը քամիազուրկ է, քիչ են քամիները նաև Լոռիում։ Մեր տնտեսություններում առայժմ հողմաղացները չեն օգտագործվում, բայց հուսամ, որ կգա դրանց ժամանակը։
Այս ամենից բացի, ունենք չիր պատրաստելու սարքեր, որոնք տեղադրված են Հայաստանի տարբեր վայրերում։ Չիր սարքող սարքն արևից էներգիան կլանելով՝ օդը տաքացնում է և չորացնում է միրգը։ Գիշերը, անշուշտ, էլեկտրաէներգիա ենք օգտագործում, այսինքն՝ ավանդական մեթոդի համեմատությամբ չիր պատրաստելիս ծախսերը կիսով չափ խնայում ենք ի հաշիվ ամենազոր արևի։
Չիր պատրաստող սարքը ձմռանն էլ պարապ չի մնում, այսինքն՝ արևի էներգիայի հաշվին տաքացնում է բնակարանը տաք օդով։ Մի՞թե սա առավելություն չէ։
Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ